ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Մարդկությունը թևակոխել է հետինդուստրիալ հասարակության նոր գլոբալ հարաբերությունների ոլորտ

Մարդկությունը թևակոխել է հետինդուստրիալ հասարակության  նոր գլոբալ հարաբերությունների ոլորտ
12.05.2015 | 00:03

Արդեն բավական երկար ժամանակ է, ինչ որոշ փորձագետներ ամեն տարի «մարգարեաբար» կանխատեսում են Չինաստանի տնտեսության աճի կտրուկ արգելակում և նույնիսկ անկում, կամ, որ, առնվազն, երկրին սպառնում է աճի տեմպերի անկասելի նվազում։ Ընդ որում համարում են, որ չինական տնտեսության աճի նվազումն անցում չէ «աճի բնական տեմպերի», և ՉԺՀ-ին դրա հետևանքով սպասում են արտադրական անկում և քաղաքական ցնցումներ։ Նման աղետալի սցենարներ առիթ եմ ունեցել ոչ միայն կարդալու ռուսական և արտասահմանյան մամուլում, այլև չորս տարի առաջ լսելու Շանհայում ապրող բազմաթիվ օտարերկրացիներից, երբ նոր էի եկել Չինաստան։ «Այս փուչիկն անպայման պայթելու է մոտ ժամանակներս»,- հավատացնում էին նրանք, սակայն, միաժամանակ, չէին շտապում փակել իրենց բիզնեսը։ Ավելին, մի շարք փորձագետներ համարում էին, որ «Չինաստանը մոտակա տարիներին Եվրամիության հետ մեկտեղ կդառնա ճգնաժամի խորացման գլխավոր մեղավորը մոլորակում», և որ «Չինաստանը չկարողացավ դառնալ համաշխարհային տնտեսության նոր շարժիչ ուժը»։

Բայց ժամանակը գնում էր, և կյանքն իր ճշգրտումներն էր մտցնում այդ կանխատեսումների մեջ։ Իրոք, ուսումնասիրելով ՉԺՀ-ի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) տվյալները, տեսնում ենք. 2010 թվականին այդ ցուցանիշը 10,4 %-ի մակարդակին էր, 2011-ին՝ 9,2 %-ի, իսկ 2012-ին՝ 7,8 %-ի, 2013-ին աճի տեմպերը դանդաղել են՝ 7,7 %, իսկ հաջորդ տարին նույնիսկ ավելի ցածր է եղել՝ 7,4 %։ Այսպիսով, այս տարվա կանխատեսումը 7 % է և նույնիսկ ավելի ցածր, և դա միանգամայն իրատեսական է։ Հարկ է նկատել, որ լավատեսություն չեն ներշնչում նաև չինական լրատվամիջոցները։ Այսպես, «Չժունգո չժենցյուան բաո» թերթը դեկտեմբերին գրում էր. «Պետք է սպասել համաշխարհային տնտեսության աճի տեմպերի ոչ մեծ արագացում, սակայն ցուցանիշի աճը դանդաղում է համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պատճառով, և այդ իրավիճակում Չինաստանի տնտեսության աճի տեմպերը աստիճանաբար կդանդաղեն»։ Սակայն շուտով Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) բարձրացրեց Չինաստանի տնտեսության աճի 2015 թվականի կանխատեսված ցուցանիշը, իսկ ԱՄՀ-ում Ասիայի դեպարտամենտի տնօրեն Չան Ռին հայտարարեց, որ այն, հավանաբար, 7 %-ից «շատ ավելի բարձր» կլինի, որ աշխարհի երկրորդ խոշոր տնտեսության անշարժ գույքի շուկայի անգործության բացասական հետևանքը վերագնահատված է, և որ «Չինաստանը շատ հնարավորություններ ունի աճի տեմպերի պահպանման համար»։ Ընդ որում, ԱՄՀ-ի հաշվարկներով, ամբողջ աշխարհում դիտարկվելու է տնտեսության դանդաղ աճ, որը կկազմի 3,5 %։ Նման տվյալներ էին բերվել հիմնադրամի Պեկինում ներկայացված զեկույցում, իսկ կազմակերպության գլխավոր տնտեսագետ Օլիվիե Բլանշարը, որը ղեկավարել էր հաշվետվության նախապատրաստման աշխատանքները, հրապարակեց մի քանի կանխատեսումներ. Եվրամիության անդամ երկրների միջին ցուցանիշը կազմել է 1,4 % աճ, ընթացիկ տարում բրիտանական տնտեսության ցուցանիշը մնացել է անփոփոխ՝ 2,7 %, ամերիկյան տնտեսությունն սպասում է 3,6 % աճ։ Ռուսաստանի տնտեսության այս տարվա հեռանկարները բնութագրվել են որպես «բավական մռայլ». 2015 թ. ՀՆԱ-ի ծավալը կնվազի 3 %-ով, իսկ եկող տարի՝ ևս 1 %-ով։ Ճապոնիայի խնդիրները ևս կարող են երկարաժամկետ լինել «չափազանց մեծ արտաքին պարտքի» պատճառով։
Այս մթնոլորտում Չինաստանում գործարար ակտիվության որոշ դանդաղումը, կարծես, առանձնապես ճնշող չէ։ Առավել ևս, Բլանշարի խոսքերով, ԱՄՀ-ը «բավական վստահ է, որ դա կլինի աճի կանոնավոր դանդաղում»։ Եվ էլի մեկ հանգամանք. հետազոտությունների համաձայն, զարգացող տնտեսություններն ընդունակ են աճելու ավելի արագ, որովհետև կարող են արմատավորել իրենց համար նոր տեխնոլոգիաներ, որ արդեն կիրառվում են զարգացած երկրներում։ Հետևաբար, Չինաստանը, բոլոր վերջին տարիներին ՀՆԱ-ի իր նկատելի նվազմամբ, հավանաբար աստիճանաբար ավարտում է արդյունաբերության արդիականացումը և դուրս է գալիս «զարգացող տնտեսության» կարգավիճակից։
Բացի այդ, հարկ է նկատել, որ որոշ փորձագետների կողմից այլ երկրների վրա Չինաստանի տնտեսության ազդեցության նսեմացումը ևս հակասում է ԱՄՀ-ի հաշվետվությանը։ Նրանում ընդգծվում է, որ ՉԺՀ-ում աճի տեմպերի նվազումը, անգամ ամենաչնչին, ամենալուրջ կերպով կանդրադառնա ասիական երկրների զարգացող տնտեսությունների վրա։ Ի դեպ, չնայած ռուս մասնագետները շատ են սիրում նավթի գների անկումը բացատրել գաղտնախորհուրդ սցենարներով, նրանք վերջին ժամանակներս սկսել են դա կապել «չինական աճի նվազման» հետ։
Այսպես, «ՌԻԱ նովոստին» հաղորդում է, որ ներկայումս չինական տնտեսության աճը դանդաղում է և «այս տարի նույնիսկ կարող է հասնել վերջին տասնամյակների ամենացածր ցուցանիշներին, ինչը, իհարկե, կանդրադառնա նավթի գնի վրա»։ «Նավթի շուկան հազիվ թե կարողանա գտնել մի երկիր, նույնիսկ մի ամբողջ աշխարհամաս, որը կարողանար լրացնել Չինաստանի կողմից սպառման անկումը։ Ընդ որում, փորձագետների մեծ մասը կանխատեսում է, որ Չինաստանը չի կարող հասնել աճի այնպիսի տեմպերի, որ եղել են նախընթաց տարիներին»,- նշում է լրատվամիջոցը։ Ասես ի պատասխան աշխարհի լրատվամիջոցները ճարակած ամբողջ բացասական տրամադրության, ՉԺՀ-ի Պետխորհրդին առընթեր զարգացման խնդիրների ուսումնասիրման կենտրոնի մակրոտնտեսական հետազոտությունների բաժնի ղեկավար Յույ Բինն օրերս հայտարարել է, որ միջազգային տնտեսական իրադրության և բարեփոխումների պետական քաղաքականության արդեն երևացող արդյունքների բարելավման պայմաններում տնտեսական անկման ճնշումը կթուլանա և եթե ոչ մի լուրջ անակնկալ իրավիճակ չառաջանա, բոլոր պայմանները կան 2015 թ. համար նախանշված տնտեսական 7 % աճի ապահովման համար։ Այսինքն ընդգծել է, որ արգելակումը մի կարճաճամկետ, միանգամայն կառավարելի և անգամ պլանային երևույթ է։
Իսկ ի՞նչ հետևություններ կարելի է անել այս ամենից։ Նախ, ամբողջ համաշխարհային տնտեսության ազդեցությունը թե՛ հիմա, թե՛ ապագայում շատ մեծ է և կլինի։ ՈՒշադրություն դարձնենք. վերջին ժամանակներս Չինաստանն ու ԱՄՆ-ը տեղերը փոխել են առևտրական վարկանիշով։ Այսօր ՉԺՀ-ն 127 երկրների առաջատար առևտրական գործընկերն է, մինչդեռ ԱՄՆ-ը՝ 76 երկրների։ Չինաստանը նույնիսկ առաջ է անցել ԱՄՆ-ից նրա այնպիսի մերձավոր և ուժեղ դաշնակիցների շուկաներում, ինչպիսիք են Ավստրալիան և Հարավային Կորեան։ Ավելին, այնտեղ, որտեղ ԱՄՆ-ը բացակայում է, Չինաստանը ինտենսիվորեն ներս է խուժում։ Այսինքն, «չինական տնտեսական լոկոմոտիվը», ինչ ուզում են ասեն, փաստորեն արդեն կա։ Եվ երկրորդ, հիմա աշխարհում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ Չինաստանը չէր կարող կանգնեցնել իր «լոկոմոտիվը», անգամ եթե ցանկանար, բայց և, ըստ էության, նրան այլևս թույլ չեն տա այդ բանն անել։
Այստեղ կուզեի նշել ևս մեկ, խիստ էական, հանգամանք. Չինաստանի ձեռնարկությունների ու ձեռնարկատերերի միավորումը հաղորդել է համաշխարհային տնտեսության մեջ չին արդյունաբերողների բաժնեմասի մեծացման մասին, ներկայացրել է չինական 100 խոշորագույն անդրազգային ընկերությունների ցուցակ և անդրազգայնության նրանց վարկանիշը։ Առաջին երեք տեղերը զբաղեցրել են Չինական նավթաքիմիական կորպորացիան, Չինական ազգային նավթի-գազի կորպորացիան և Չինական միջազգային թրասթ-ներդրումային կորպորացիան, և դրանց արտասահմանյան ակտիվները կազմել են 522,6 մլրդ յուան։ Վիճակագրության տվյալների համաձայն, չինական 100 խոշորագույն անդրազգային ընկերությունների արտասահմանյան ակտիվների ծավալը կազմել է ավելի քան 4 տրիլիոն յուան, իսկ արտասահմանում տնտեսական գործունեությունից ստացված եկամուտները կազմել են տնտեսական գործառույթներից նրանց ստացած ընդհանուր եկամուտների մոտ 20 %-ը։ Այսինքն, «արտասահման դուրս գալու» ռազմավարությունը, որը ևս հայտարարված էր որպես պետական զարգացման գլխավոր ուղղություն, գլոբալացմանը Չինաստանի տնտեսության և ձեռնարկությունների մասնակցության ռազմավարական ընտրություն, սկսել է հաջողությամբ իրագործվել։ Այստեղից էլ աշխարհի ամենատարբեր անկյուններում կատարվող չինական ներդրումների՝ աչքի առջև մեծացող խոսքը։
Իսկ եթե շարունակելու լինենք զարգացնել ներկայացված տրամաբանական շղթան, ապա կարելի է այն հետևությանը հանգել, որ մարդկությունը, համենայն դեպս նրա զարգացած հանրային հատվածը՝ ի դեմս առաջատար երկրների, թևակոխել է հետինդուստրիալ հասարակության նոր գլոբալ հարաբերությունների ոլորտ։ Համաշխարհային տնտեսության զարգացման արդի փուլի առանձնահատկությունը համաշխարհային տնտեսության բոլոր սուբյեկտների տնտեսական կյանքի գլոբալացումն ու համակողմանի ինտեգրումն է, որտեղ այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են տնտեսական պատերազմներն ու գաղափարախոսական հասարակարգերի հակասությունը, գերիշխող միտումներ չեն։ Խոսքը, ամենայն հավանականությամբ, հետագայում հիմնականում կվերաբերի մրցակցությանն ու տարածաշրջանային ազդեցությանը։ Բացի այդ, ըստ էության, ժամանակակից համաշխարհային տնտեսության կարևորագույն սուբյեկտ է դառնում, այսպես կոչված, ինտերնացիոնալ արտադրությունը՝ առանձին, առավել հաջողակ և առաջավոր երկրների գերիշխող գործառույթների պայմաններում։ Ընդ որում` պետք է հիշել, որ այս նոր պայմաններում համաշխարհային տնտեսության սուբյեկտներ են հանդիսանում ոչ միայն երկրները, այլև նրանց ինտեգրված խմբավորումները, միջազգային տնտեսական կազմակերպությունները, միջազգային կորպորացիաները և նույնիսկ մանր ու միջին ֆիրմաները, որոնք ներգրավված են միջազգային տնտեսական հարաբերությունների համակարգում։ Եվ, իհարկե, այն կանխատեսումը, որ 21-րդ դարում Չինաստանը կլինի մոլորակի գլխավոր «գործարանը», իսկ ԱՄՆ-ը՝ գլխավոր «լաբորատորիան» (Ռուսաստանի մասին՝ որպես գլխավոր «հանքի», քաղաքական ներկա իրավիճակում ավելի ու ավելի հազվադեպ են հիշատակում), առանձնակի երանգ է ստանում։ Հիմա, դատելով ըստ ամենայնի, ժամանակակից համաշխարհային տնտեսությունը նրա սուբյեկտների փոխհարաբերությունների շատ ավելի բարդ համակարգ է, և հենց դա էլ ապագայում կկանխորոշի թե՛ քաղաքական գործընթացները մոլորակում, թե՛ դրանցում գերիշխող պետությունները։

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 18847

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ